Հետազոտություններ

Հետազոտություններ

(2026)

ԱԶԳ, ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

«Ազգայնություն» հասկացության գոյափոխման պատմա-աստվածաբանական ուսումնասիրություն՝ հայկական օրինակի շեշտադրմամբ

Չնայած այն հանգամանքին, որ գիտության մեջ, հատկապես վերջին հարյուրամյակում, կան բազմաթիվ ուսումնասիրություններ ազգայնականության, ազգային պատկանելության կամ հավաքական ինքնության հարցերի շուրջ, այնուամենայնիվ մինչ այժմ գիտնականների շրջանում չկա հստակ և աներկբա սահմանում այնպիսի հիմնարար եզրույթների վերաբերյալ, ինչպիսիք են «էթնոսը», «ժողովուրդը», «ազգը», «ազգայնությունը» և դրանցից բխող այլ հասկացությունները։

Այս հարցում համակարգային և հայեցակարգային «խառնաշփոթը» հաճախ հանգեցնում է նրան, որ խնդիրը դուրս է գալիս զուտ գիտական քննարկումների ու բանավեճերի շրջանակներից՝ պատճառ դառնալով թե՛ ներազգային, թե՛ միջազգային գոյաբանական ճգնաժամի։ Այնուամենայնիվ, մասնագիտական հարթակներում կա համաձայնություն առնվազն առ այն, որ մեր ուշադրության կենտրոնում գտնվող եզրույթներով սահմանվում է մարդկանց որևէ խմբի սոցիալական համակեցության կերպը։

Մոտեցում ևվ Մեթոդաբանություն

Սակայն այդ «կերպի» և դրանից բխող հասկացությունների ուսումնասիրման և հստակ սահմանումների համար խնդրին միայն սոցիոլոգիական կամ քաղաքագիտական մեթոդներով մոտենալը բավարար չէ․ առկա հարցերը հնարավոր չէ պարզաբանել՝ առանց խորանալու դրանց կրոնական, աստվածաբանական կամ, մեկ բառով ասած՝ մետաֆիզիկ հիմքերի մեջ։

Այս տեսանկյունից, հատկապես հայկական առանձին փորձը հասկանալու համար, առանձնահատուկ նշանակություն ունի «ազգ» և «ազգայնություն» հասկացությունների ուսումնասիրությունը պատմության հոլովույթում՝ քրիստոնեական աստվածաբանության լույսի ներքո։

Առաջին հայացքից «ազգ», «ազգայնություն» և «ազգայնականություն» հասկացությունները հաճախ հակասության մեջ են մտնում քրիստոնեության՝ որպես վերազգային կրոնի քարոզած գաղափարների հետ։ Այնուամենայնիվ, նույն Սուրբ Գրքում «ազգ», «ցեղ» եզրույթներից բացի հանդիպում են նաև այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են օրինակ «ընտրյալ ժողովուրդը» և «Աստծո ժողովրդը», որոնց այսպիսի կամ այնպիսի մեկնաբանությունները դարերի ընթացքում պատճառ են հանդիսացել ամենատարբեր «ազգային» կամ «ազգայնական» գաղափարների, ինչպես նաև առանձին քաղաքական միավորների առաջացմանը։

Նպատակ և Ակնկալվող Արդյունք

Այս իմաստով, ներկայացվող հետազոտության հիմնական նպատակն է պարզել, թե.

  • Որքանո՞վ են «ազգ», «ազգայնականություն» հասկացություններն աստվածաբանորեն լեգիտիմ:
  • Ի՞նչ փոխհարաբերության մեջ են դրանք քրիստոնեական ունիվերսալիզմի հետ։

Հետազոտական աշխատանքի վերջնարդյունքը նախատեսվում է հրատարակել որպես մենագրություն,
որի թեզերը կարող են օգտագործվել թե՛ առանձին ձեռնարկների, թե՛ առանձին դասընթացներում կիրառելու համար։

Հետազոտությունն իրականացնում է Սարգիս Մելքոնյանը․ հրատարակիչ, պատմական գիտությունների թեկնածու, Էռլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի Քրիստոնյա Արևելքի պատմության և աստվածաբանության բաժնի դոկտորանտ։