«Ծիլ» 2023 Մրցույթ
Այս տարի ևս «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի ջանքերով կազմակերպվեց «Ծիլ» երիտասարդ հեղինակների աջակցության ծրագրի շրջանակներում անցկացվող գրական-ստեղծագործական մրցույթը։ Այս անգամ մրցույթին մասնակցում էին 16-18 տարեկան, ստեղծագործական տաղանդ ունեցող երիտասարդներ, որոնք կարող էին ընտրել առաջարկվող անվանակարգերից որևէ մեկը՝ «Արձակ», «Չափածո» կամ «Հրապարակախոսական»: Առաջարկվող թեմաներն էին՝ «Մեծ և փոքր աշխարհ», «Պատերազմ և խաղաղություն», «Կարոտ…»:
Հայտերի ընդունումը մեկնարկեց ապրիլի 10-ին։ Արդյունքում, Մրցույթին մասնակցեց 62 դիմորդ, որից 28-ը անցան երկրորդ՝ հարցազրույցի փուլ: Աշխատանքներին ծանոթանալուց հետո Ժյուրին (նախագահ՝ բանաստեղծ, հրապարակախոս Արմինե Նազարեթյան, արձակագիր Մհեր Իսրայելյան և բանաստեղծ Գոռ Հարությունյան) վճռեց գնահատել «Ծիլ» 2023 Մրցույթի մասնակցիների ստեղծագործությունները և նրանց արժանացնել․
- Առաջին կարգի 3 մրցանակի,
- Երկրորդ կարգի 5 մրցանակի,
- Երրորդ կարգի 11 մրցանակի,
- Խրախուսական 9 մրցանակի:
Այս տարի ևս մասնակիցներին հանձնվեցին դրամական պարգևներ։ Եվս մեկ՝ «Հատուկ մրցանակ» էին սահմանել և շնորհել «Ծիլ» համայնքի անդամները։
Արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել ս․ թ․ հուլիսի 8-ին: Մրցույթի ամփոփումից հետո բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն միանալու «Ծիլ» համայնքին, որը ձևավորվել է 2022 թվականի համանուն Մրցույթից հետո: Այսպիսով, Համայնքը համալրվեց ևս 23 անդամով:
Միջոցառման Հարցազրույցի փուլն ու Մրցանակների հանձնման արարողությունները տեղի ունեցան, համապատասխանաբար՝ հունիսի 10-ին և հուլիսի 8-ին, Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում։ Օգտվելով առիթից, ուզում ենք մեր երախտիքի խոսքն ուղղել Տուն-թանգարանի տնօրինությանն ու ողջ թիմին՝ միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործում ցուցաբերած հոգատարության և ամենայն աջակցության համար։
Մրցույթի մասին ավելի մանրամասն տես․ www.germ.am,
https://www.facebook.com/germ.program, https://www.instagram.com/germ__am/