ՄՐՑՈՒՅԹ❗
Ձեռագիր հայրենիք
«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամն իր «Ծիլ» երիտասարդ ստեղծագործողների աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարում է երիտասարդական մրցույթ՝ «Ձեռագիր հայրենիք» խորագրով:
«Ձեռագիր հայրենիք»-ը հետազոտական-ստեղծագործական մրցույթ է /research creation/:
Մրցույթի գաղափարն է ոգեշնչել երիտասարդ անհատներին ուսումնասիրելու և բացահայտելու սեփական հայրենիքը:
«Ձեռագիր հայրենիք» մրցույթը պետք է արտացոլի դիմորդի՝ սեփական ազգատոհմի (առնվազն 2 սերունդ) պատմության շուրջ իրականացրած հետազոտության հիման վրա կազմված հայրենիքի ընկալումը։ Հայտի էությունը չի կարող սահմանափակվել սեփական ազգատոհմի մասին գրական ստեղծագործությամբ: Ներկայացված աշխատանքը պետք է լինի հայոց հայրենիքը բնութագրող բովանդակության շեշտադրմամբ:
Մրցույթի մասնակիցների համար սահմանված տարիքային շեմն է, հայտերի ընդունման պահի դրությամբ, 18 տարին լրացած և 26 տարեկանը չլրացած։
Մրցույթի հայտերի ընդունման ժամկետներն են՝ 11.07.2024-20.08.2024
Մրցույթն ունի երկու փուլ՝
- ժյուրիի կողմից հայտերի գնահատում,
- առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ հարցազրույց։
Մրցույթի հաղթող մասնակիցները կստանան դրամական պարգև`
Առաջին տեղ – 500.000 դրամ
Երկրորդ տեղ – 300.000 դրամ
Երրորդ տեղ – 200.000 դրամ
Հայտերի գնահատման չափորոշիչներն առաջին փուլում կունենան առանձնացված երկու ուղղություն՝
- գրական-ստեղծագործական
- պատմական-հետազոտական:
Գրական չափորոշիչները վերաբերում են դիմումի՝ գրական ստեղծագործության գրական արժեքին, որակին և գրագիտությանը։
Պատմական-հետազոտական չափորոշիչները վերաբերում են դիմումի հետազոտական բաղադրիչի որակին, գնահատում են դիմորդի կատարած ուսումնասիրության և գրական ստեղծագործությունում դրա արտացոլման որակը, ճշգրտությունն ու գիտականությունը։
Մրցույթի երրորդ չափորոշիչը գաղափարայինն է, որը կգնահատվի երկրորդ փուլ անցած մասնակիցների հետ անցկացվող հարցազույցի միջոցով:
Առաջին փուլ՝ դիմում-հայտերի գնահատում.
Մրցույթի դիմում-հայտը ներառում է`
- Անձնական տվյալներ,
- Սեփական ազգատոհմի պատմության վերաբերյալ հետազոտական աշխատանքի փաստաթղթեր և աղբյուրներ,
- Գրական ստեղծագործություն՝ իրականացված հետազոտական աշխատանքի վրա հիմնված (կարող է լինել՝ պատմվածք, էսսե, ակնարկ կամ բանաստեղծություն):
Սեփական ազգատոհմի պատմության շուրջ հետազոտական աշխատանքը փաստող կցորդ փաստաթղթերը կարող են ներառել՝
- Նկարազարդում
- Արխիվային/ընտանեկան լուսանկարներ կամ տեսանյութեր
- Ընտանեկան/տոհմական հուշատետրեր/օրագրեր
- Ազգատոհմի ավանդույթներ, սովորույթներ, տոներ, ծեսեր և այլն
- Ազգատոհմի խոհանոց, ուտեստներ
- Հայկական մշակութային տարրեր (նկարներ) տոհմի ունեցվածքում (հագուստ, սպասք, գորգեր, կահույք և այլն)
- Տարբեր շրջաններում ազգատոհմի բնակավայրի նկարագրություն (լուսանկարներ), տեղափոխությունների նկարագրություն, փաստեր
- Ազգատոհմի մասնակցություն պատմական տարբեր դրվագներում (հետաքրքիր արձանագրություններ)
Ուշադրություն՝ գրական ստեղծագործությունը ու հետազոտական ֆայլերը չպիտի պարունակեն դիմորդի անձնական տվյալներ (անուն ազգանուն, հեռախոսահամար և այլն)
Գրական ստեղծագործությունը պետք է լինի՝
- Առավելագույնը 1500 բառ,
- А4 ձևաչափով,
- Sylfaen տառատեսակով,
- 1.5 միջտողային հեռավորությամբ,
- 11 տառաչափով լրացված։
Սահմանված է մրցույթի 2 դիմելաձև՝ առցանց և փոստային։
Երկրորդ փուլ՝
Հարցազրույց առաջին փուլում անցողիկ կամ ավելի շատ միավոր վաստակած դիմորդների հետ։
Անցողիկ միավորը կորոշվի առաջին փուլի ամփոփման ժամանակ՝ հաշվի առնելով դիմորդների քանակը, բարձրագույն ու ցածրագույն գնահատականներ հավաքած աշխատանքները։
Մրցույթի ժյուրիի կազմն է՝
Գոռ Հարությունյան – բանաստեղծ, հրապարակախոս, գրականագետ, մանկավարժ
Մհեր Իսրայելյան – արձակագիր, ռազմական դիվանագետ
Աստղիկ Կարապետյան – բ․գ․թ․, ԵՊՀ դասախոս, «ԱՅԲ» դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Լիլիթ Մինասյան – պատմաբան, «ԱՅԲ» կրթահամալիրի պատմության ուսուցչուհի
Մանան Դաֆին – ազգագրագետ, մշակութաբան
Միքայել Մալխասյան – պատմաբան, Պ.գ.թ., Երևանի պետական Համալսարանի պատմական ամբիոնի դոցենտ
Մրցույթի կանոնները՝
Մրցույթին դիմելով մասնակիցը հաստատում է, որ տեղեկացել է և համաձայն է ստորեւ նշված պայմաններին․
ա) Ներկայացվող ստեղծագործությունը գրվել է իր կողմից, առանց կողմնակի մասնակցության և աջակցության: Տեքստային ստեղծագործության պարագայում աջակցությունը կարող է սահմանափակվել բացառապես ուղղագրական և կետադրական սխալների շտկումով։
բ) Ներկայացվող գրական ստեղծագործությունը նոր է, գրվել է մրցույթին ներկայացվելու համար և չի առաջադրվել որևէ այլ մրցույթի:
գ) «Ծիլ» ծրագիրը կարող է հրապարակել մասնակցի ստեղծագործություն(ներ)ը իր կայքում կամ այլ հարթակներում (ներառյալ թեմատիկ ցուցահանդեսներում)՝ առանց շահ հետապնդող նպատակների՝ պահպանելով հեղինակի իրավունքները։ Մասնակիցները ազատ են հրապարակել, հրատարակել և այլ կերպ օգտագործել մրցույթում հաղթած իրենց ստեղծագործությունները՝ ծրագրի կողմից այն հրապարակելուց հետո:
դ)Ոչ ամբողջությամբ լրացված և անփութորեն ներկայացված հայտերը չեն ընդունվելու։ Մասնակիցները պետք է խստագույնս պահպանեն սահմանված ծավալները և ժամկետները։
Մրցույթին դիմելու համար՝ խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կարող եք գրել germcommunity@gmail.com էլ․ հասցեին կամ «Ծիլ» ծրագրի սոցիալական էջերին։