Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակ

Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակ

Գավառ քաղաքի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Զախարյանի հիշատակին նվիրված կրթաթոշակը նպատակ ունի աջակցել բարձր առաջադիմություն ունեցող, սակայն սոցիալապես անապահով ուսանողներին՝ խթանելով նրանց կրթական հնարավորությունները։

Այն տրամադրվում է Գավառի շնորհաշատ շրջանավարտներին՝ նրանց ուսումը խթանելու նպատակով։ Կրթաթոշակը սահմանվել է ի հիշատակ Սոնա Զախարյանի, ով ավելի քան 30 տարի նվիրվել է Հայոց լեզվի և գրականության դասավանդմանը՝ կրթելով ու դաստիարակելով բազմաթիվ սերունդներ։

Ներկայումս այն հասանելի է միայն Գավառի N3 դպրոցի շրջանավարտների համար, իսկ կրթաթոշակառուներին ընտրում է դպրոցի մանկավարժական խորհուրդը։

Կրթաթոշակը հիմնադրել են Մանուկ և Ստեփան Հերգնյանները, և այն կառավարվում է «Ամրոց» հիմնադրամի կողմից։

Ելենա Հովհաննիսյան

2024  ՀՖՀՀ, Կառավարում

Կրթությունն իմ ճանապարհն է դեպի հաջողություն։ Այն ինձ տալիս է գիտելիքներ, հմտություններ և հնարավորություններ՝ զարգանալու և առաջ շարժվելու կյանքում։

Ես ընտրել եմ բիզնես կառավարումը, քանի որ այն բազմազան ոլորտ է՝ լի նոր հեռանկարներով։ Ուսանողական տարիներս ինձ սովորեցնում են պատասխանատվություն կրել, կազմակերպվել և արդյունավետ աշխատել։

Իմ նպատակն է դառնալ բարձրակարգ մասնագետ և իմ գիտելիքներով ու փորձով նպաստել հասարակության զարգացմանը։

Նունե Մոսիկյան

2023 Ամերիկյան Համալսարան, Քաղաքագիտություն

Ինձ համար կրթությունը հիմնաքար է, որը հնարավորություն է տալիս դառնալ համայնքի կարևոր անդամ և նպաստել նրա զարգացմանը։ Կրթության արժեքը գիտակցելը օգնում է մնալ նպատակասլաց և հասնել հաջողության։

Իմ մասնագիտությունը քաղաքականություն և կառավարումն է, քանի որ ես ցանկանում եմ ձեռք բերել գիտելիքներ և փորձ՝ նպաստելով իմ երկրի ապագա զարգացմանը։

Համալսարանում անցկացրած երկու տարիների ընթացքում ես զարգացրել եմ դիվանագիտական հմտություններ և ձեռք բերել փորձ, ինչը ինձ կօգնի դառնալ դիվանագետ։»

Միլենա Եղոյան

2022 ԵՊՀ, Հանրային քաղաքականություն և կառավարում

Ես գիտակցում եմ, որ կրթությունը մեր ազգի ամենաառաջնային զենքն ու վահանն է։Իմ մասնագիտական ընտրությունը պայմանավորված է իմ հայրենիքին և ժողովրդին օգուտ տալու, հանրային շահին ծառայելու մղումով։

Իմ նպատակն է հետագայում որպես մասնագետ դրսևորվել ՀՀ պետական կառավարման ոլորտում։ Կցանկանայի, որ իմ հասակակիցները շատ լուրջ վերաբերվեն կրթությանը և առաջին հերթին իրենց ընտրությանը։