«Ամրոց» հիմնադրամի Համախոհների հավաք
«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամը ակտիվորեն աշխատում է իր կողմից կյանքի կոչվող ծրագրերի իրականացմանը համախոհների ջանքերի ներգրավման և իր գործընկերների համայնքի ընդարձակման ուղղությամբ: Այդ նպատակով «Ամրոց»-ի հիմնադիրները, Հոգաբարձուների խորհրդի անդամներն ու տնօրինությունը պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են ունենում Հիմնադրամի արժեքներն ու նպատակները կիսող առանձին անհատների և կառույցների հետ թե ՀՀ-ում և թե արտերկրում:
«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի Համախոհների անդրանիկ մեծ հավաքը տեղի է ունեցել 2022-ի հուլիսի 10-ին Երևանում՝ Հիմնադրամի և Ծրագրերն իրականացնող թիմերի, ՀՀ մշակույթի, գիտության, բիզնեսի և այլ ոլորտների շուրջ 6 տասնյակ ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառումը պատեհ առիթ էր հյուրերին ներկայացնելու կատարված աշխատաներն ու գրանցված արդյունքները, ինչպես նաև գալիք անելիքների մասին նրանց հետ մտքեր փոխանակելու համար:
«Ամրոց»-ը արժևորում է Համախոհների կողմից ցուցաբերվող աջակցությունը և 2023 թվականին ևս իր աջակիցների հետ միասին հետամուտ է լինելու իր առաքելության հիմքում դրված գաղափարների իրականացմանը: