.

«Ծիլ» համայնքը վերջին իրադարձությունների ժամանակ

«Ծիլ» համայնքը վերջին իրադարձությունների ժամանակ

Դժվարությունների ժամանակ ազգի ուժը հաճախ չափվում է նրա զավակների մարդկային որակներով և միմյանց օգնելու պատրաստակամությամբ: Պատերազմական և ցեղասպանական գործողությունների կիզակետում հայտնված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ իրենց ստեղծագործական ունակություններով աչքի ընկնող «Ծիլ» համայնքի՝ ՀՀ մարզերում և Ջավախքում ապրող սաները ևս կանգնեցին իրենց արցախցի հայրենակիցների կողքին։

Իրեր հավաքելը և բնակարանային աջակցության տրամադրումը մարդասիրական կարևոր գործ է, հատկապես՝ իրենց օջախներից վտարված մարդկանց համար։

Կոտայքի մարզից «Ծիլ» համայնքի անդամներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը, Հրազդանի VIVA բժշկական գրասենյակում կամավորություն անելով, կարողացել է համախոհների թիմի հետ միասին ավելին քան 5000 մարդու օգնություն ցուցաբերել և դեռ շարունակում է իր աշխատանքը՝ որպես կամավոր։

«Ծիլ» համայնքի ներկայացուցիչներ են ներգրավվել նաև «Ֆիզմաթ կամավորական միության» լայնամասշտաբ ծրագրին՝ նպատակադրվելով բոլոր առարկաներից անվճար դասընթացներ կազմակերպել Արցախի բոլոր տարիքային խմբերի երեխաների համար։

Տավուշի մարզից Քրիստինե Մարտիրոսյանը «Անկախության սերունդ» ՀԿ-ում որպես կամավոր զբաղվել է կազմակերպչական հարցերով՝ ուղղված արցախցիների կենցաղային պայմանների բարելավմանը։

Երևանից Մհեր Սանոսյանը «Բարձրունք» ՀԿ-ում զբաղվել է բնակարանային խնդիր ունեցող ընտանիքների տվյալների հավաքագրմամբ՝ առանձնացնելով թիրախային խմբին (ընտանիքներ, որոնք ցանկանում են բնակցվել մարզերում) և ապահովելով իրենց կապը մարզերում այն համայնքների հետ, որոնք ունեն ազատ տներ ու պատրաստ են դրանք տրամադրել անվճար։

Աշտարակից Ֆարիդա Մալխասյանը, համագործակցելով Հայ-ռուսական համալսարանի ուսանողական խորհրդի հետ, հավաքել է սնունդ, հագուստ, խաղալիքներ, ինչպես նաև վարձով բնակարաններ է փնտրել և զբաղվել տվյալների հավաքագրմամբ:

Վեդիից Սաթենիկ Արթենյանը, կիսելով հայրենիքի սահմանները ամրաշինական կառույցներով ամրացնելու գաղափարը, ՀՌՀ համախոհ ուսանողների հետ նախաձեռնել է արշավ, որի ընթացքում հավաքվել է ավելի քան 800․000 դրամի արժողությամբ թղթի թափոն։ Ծրագրին մասնակցել է նաև «Ծիլի» այլ սան՝ Անուշ Գասպարյանը Կարմիր գյուղից։

Սա ամբողջական պատկերը չէ, քանզի ոչ բոլոր սաները համաձայնվեցին պատմել իրենց կողմից կատարվող աշխատանքի մասին։

Ուրախալի է տեսնել Համայնքի հավաքական ոգին, որը միավորվում է երիտասարդ հայ ստեղծագործողներին այս դժվարին ժամանակներում իրենց հայրենակիցներին սատարելու և իրականությունը գոնե մի քիչ դեպքի լավը փոխելու գործում։