.

ՄՐՑՈՒՅԹ❗

ՄՐՑՈՒՅԹ❗

«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամը մեկնարկում է «Գաղափարաբառ» մրցույթը, որի նպատակն է գտնել ազգային օրակարգի հիմնախնդիրներից բխող բառ-գաղափարներ։
Բառը պետք է արտահայտի սեփական հավաքական ուժին ապավինելու և դրա համար մեծագույն կամք դրսևորելու գաղափարը։

Որպես գաղափարաբառ՝ վերջինիս պատշաճ հիմնավորումով՝ կարող է առաջարկվել արդեն իսկ գոյություն ունեցող հայերեն բառը, կամ հայերենի բառակազմության տրամաբանության շրջանակներում ստեղծված որևէ նոր, բարեհունչ բառ:

Պատմության ընթացքում տարբեր ազգերի մոտ ի հայտ են եկել և ձևավորվել գաղափարական և մշակութային յուրահատուկ բովանդակություն ունեցող բառ-գաղափարներ՝ «գաղափարաբառեր», որոնք արտացոլում են տվյալ ազգի կամ ժողովրդի ինքնության խորքային շերտերը, էթնիկ և ազգային մտածելակերպի առանձնահատկությունները: Ժամանակի ընթացքում դրանք դառնում են հանրային ինքնության անքակտելի մասը, որն անհրաժեշտ է զգալ և գիտակցել, և գրեթե անհնար է ճշգրտորեն թարգմանել այլ լեզուներով:

Հիմնադրամը սույն մրցույթով իր առջև նպատակ է դրել հայերենում ևս գտնել և վերհանել այս բառերը:

Մրցույթի մասնակիցները բացի բառն առաջարկելուց պետք է նաև հիմնավորեն այն։

Մրցույթի անցկացման ընթացքը.

  • Մասնակիցները 4 շաբաթվա ընթացքում գաղափարաբառի իրենց տարբերակը մինչև 3 էջ հիմնավորմամբ պետք է ուղարկեն info@amrots.foundation էլեկտրոնային հասցեին:
  • Ժյուրիի անդամներն անհատապես կծանոթանան Մրցույթին մասնակցող հեղինակների առաջարկած տարբերակներին,
  • Ժյուրիի յուրաքանչյուր անդամ կառանձնացնի 10 լավագույն տարբերակները՝ գնահատելով դրանք 1-ից 10-ը բալային համակարգով, որտեղ 1-ը՝ ամենացածր, իսկ 10-ը՝ ամենաբարձր ցուցանիշն է։ Նույն բալը կարող է շնորհվել մեկից ավելի տարբերակների։
  • Ժուրիի անդամն իր գնահատականների մասին էլեկտրոնային փոստով կամ հեռախոսակապով կտեղեկացնի Մրցույթի կազմակերպչական թիմին:
  • Ժյուրիի անդամների առանձին-առանձին տրված գնահատականների համադրման արդյունքում ստացված միավորների քանակով կորոշվեն Հարցազրույցի փուլ անցած Մասնակիցները՝ թվով 5 հոգի:
  • Հարցազրույցը կանցկացվի Ժյուրիի ողջ կազմի մասնակցությամբ՝ առկա կամ առցանց եղանակով՝ Մասնակիցների և Ժյուրիի անդամների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցով:
  • Հարցազրույցից հետո ստացված տպավորությունների և տեղեկությունների հիման վրա ժյուրիի յուրաքանչյուր անդամ կգնահատի Հարցազրույցի մասնակիցներին 10- բալանոց համակարգով:
  • Ժյուրիի անդամների՝ յուրաքանչյուր մասնակցին տրված գնահատականների գումարելիների հիման վրա կորոշվեն մրցանակային տեղեր ստացած Մասնակիցները՝ ամենաշատ միավորներ ստացողը՝ 1-ին տեղ և այդպես մինչև ցուցակում 3-րդ տեղին արժանացած Մասնակիցը:

Մրցույթը նախատեսում է 3 մրցանակային տեղ.

1-ին տեղ – 300.000֏

2-րդ տեղ – 200.000֏

3-րդ տեղ100.000֏

Ժյուրիի կազմը.

Տեր Մեսրոպ քահանա Արամյան. ՀԱՍԵ սպասավոր, «Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ,

Մանուկ Հերգնյան. Տնտեսագետ, գործարար, «Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ,

Վաղինակ Սարգսյան. Զինվորական, ԶԱՐԿ ծրագրի նախագահ,

Նունե Մագոյան. Սոցիոլոգ, «Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ,

Արամ Մեհրաբյան. Մշակութաբան, գրահրատարակիչ,

Անահիտ Հովհաննիսյան. Մանկավարժ, ԱՅԲ կրթահամալիրի Հայոց լեզվի ուսուցչուհի,

Արա Թադևոսյան. Լրագրող, Մեդիամաքս լրատվական գործակալության տնօրեն,

Հովհաննես Երանյան. Գրող, հրապարակախոս,

Յուրի Ավետիսյան. Լեզվաբան, Բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ,

Արտաշես Էմին. Գրող,

Վիկտոր Կատվալյան. Բարբառագետ, Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր,

Լիլիթ Մինասյան. Պատմաբան, ԱՅԲ կրթահամալիրի պատմության ուսուցչուհի:

«Ամրոց» հիմնադրամը կարող է համագործակցել հաղթող Մասնակցի/Մասնակիցների հետ նաև Մրցույթից դուրս:

Մրցույթում Ժյուրիի կողմից հաղթող ճանաչված առաջարկ(ներ)ը տարածվելու են «Ամրոց» հիմնադրամի կողմից՝ իր գործընկերների և համախոհների հետ համագործակցությամբ: Այդ ծրագիրն ամբողջականությամբ հանդիսանում է «Ամրոց» հիմնադրամի սեփականությունը, շահ չի հետապնդում և իրականացվում է Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման շրջանակներում:

Անհրաժեշտության դեպքում Հիմնադրամը հիշատակում է գաղափարաբառի հեղինակի անունը, ինչը, սակայն վերջինիս նկատմամբ իրավական որևէ այլ պարտավորություններ չի առաջացնում:

Խնդրում ենք՝ պատշաճ լրացնել մասնակցության հայտը: Ոչ ամբողջությամբ լրացված և անփութորեն ներկայացված հայտերը չեն ընդունվելու։

Մասնակիցները պետք է պահպանեն Մրցույթով սահմանված ծավալներն ու դիմելու ժամկետները։

Հայտերն ընդունվում են մինչև ս. թ. մարտի 1-ը ներառյալ: